Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիի գլխավորությամբ, եւ քննարկել Հայաստանի տնտեսության վիճակը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին, ՀՀ դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է համաշխարհային ու տարածաշրջանային տնտեսական իրողություններին եւ միջազգային շուկայի փոփոխվող իրավիճակին համահունչ տնտեսական քաղաքականության իրականացումը եւ համապատասխան տնտեսական միջավայրի ձեւավորումը:

Կողմերը եւս մեկ անգամ վերահաստատել են նշված ուղղություններով ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: