Եվրասիական ինտեգրումը եվրաինտեգրումից տարբերվում է նրանով, որ առաջինը հաշվի է առնում բոլոր անդամ-պետությունների տնտեսական ու ազգային շահերը, մինչդեռ եվրաինտեգրումը հաշվի չի առնում նոր երկրների տնտեսական շահերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Այսօր ավելորդ չէ համեմատել երկու մոդելները՝ եվրասիական ինտեգրումն ու եվրաինտեգրումը: Առաջին դեպքում (եվրասիական) ինտեգրացիան ընթանում է փոխըմբռնման հիման վրա, գործընկերների տնտեսական շահերի, ազգային ավանդույթների հաշվի առնմամբ, իսկ մյուս դեպքում, ինչպես դա տեղի է ունենում մեզ համար եղբայրական Ուկրաինայի հետ՝ արհամարհելով պետությունների ազգային, տնտեսական շահերը», - ասել է Նարիշկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Պետդուման այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստին վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսին արդեն վավերացրել են 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը:



























