Ալկոհոլը չարաշահելու սովորություն ունեցող ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը դատապարտվել է 90-օրյա կալանքի։ Նրա ձեռքին ամրացված հատուկ թեւկապ փոխարինելու են ձեռնաշղթայով, քանի որ նա խախտել է փորձաշրջանի ժամկետները:
Ոստիկանների հետ խնդիրները սկսվել են դեռեւս 2007 թվականից, երբ նա դատարանի առջեւ էր կանգնել անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: 2010 թվականի մայիսին դերասանուհին չէր հայտնվել դատաքննությանը եւ խախտել էր փորձաշրջանի ժամկետը: Նաեւ պարզվել էր, որ սահմանված ժամկետներում չի հետեւել ալկոհոլային կախվածության մասին ծրագրին:
Իր բացակայությունը Լոհանը պայմանավորել էր նրանով, որ գտնվել էր Կաննի կինոփառատոնում եւ կորցրել էր անձնագիրը, ինչի պատճառով չէր կարողացել Ֆրանսիայից մեկնել ԱՄՆ եւ ստիպված էր 100 հազար դոլար տուգանք վճարել: Նա նաեւ պարտավոր էր կրել հատուկ թեւկապ, որը պարզում էր նրա արյան մեջ ալկոհոլի քանակությունը:
Հունիսի սկզբին, երբ Լոհանը MTV-ի մրցանակաբաշխությանն էր գնացել, հատուկ թեւնոցը տագնապի ազդանշան էր արձակել: Հուլիսի 6-ին դատարան ներկայացված փաստաթղթերի մեջ նշվում էր, որ տագնապի ազդանշանը պայմանավորված էր ալկոհոլի չարաշահմամբ:



























