Չեմ կարծում, որ Ադրբեջանը կտրուկ կփոխի իր դիրքորոշումը ԼՂ հարցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով ընթացիկ տարում ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման բավական շատ միջադեպեր են գրանցվել:
«Իրականում հարցականի տակ էր դրվել բանակցությունների շարունակումը: Բայց մյուս կողմից, ես վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կշարունակեն ջանքերը, որպեսզի բանակցային գործընթացը չընդհատվի, քանի որ դրանց բացակայության դեպքում՝ պատերազմի հավանականությունը, բնականաբար, կմեծանա»,-ասել է Կիրո Մանոյանը:
Նրա համոզմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս նվազեցնեն պատերազմի հավանականությունը, եւ ինչ-որ գործընթաց տեղի ունենա, թեկուզ առանց լուրջ առաջընթացի:



























