ՀՀ կառավարությունը եւ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությունը անցյալ տարի հայտարարեցին «Մարս» գործարանի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին, որտեղ գործունեություն կծավալեն բարձրտեխնոլոգիական ընկերությունները: «Սիտրոնիքս Արմենիան» ռուսական «Սիտրոնիքս» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը NEWS.am-ին հայտնեց, որ «Սիտրոնիքս Արմենիայի» հետ շարունակում են աշխատել «Մարսի» եւ «Մերգելյան ինստիտուտի» (Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ) զարգացման ծրագրի վրա: «Երբ ծրագիրը մշակենք եւ փորձը ցույց կտա, որ կենսունակ ծրագիր է, այդ ժամանակ կքննարկենք ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը»,- ասաց Վ. Կիրակոսյանը` հավելելով, որ իրենց հիմնական նպատակն այն է, որ տեխնոլոգիական բիզնեսների զարգացման պայմաններ ստեղծվեն:  Սակայն հարց է առաջանում, թե ինչ ճակատագիր կունենան «Մարս» գործարանի տարածքում վարձակալության հանձնված տարածքները: Մասնավորապես՝ գործարանի տարածքում է գտնվում «Սթար» սուպերմարկետների ցանցի գլխադասային գրասենյակը, պահեստները եւ հացի արտադրամասը: Ըստ Վ. Կիրակոսյանի` դեռ որոշված չէ, թե «Մարս» գործարանի տարածքի ո՞ր մասն է հայտնվելու ազատ տնտեսական գոտում: «Բնավ պարտադիր չէ, որ բոլոր այդ հիմնարկները մտնեն այդ ռեժիմի տակ: Եթե տեխնոլոգիական հիմնարկներ են, օրինակ «Ֆարմատեկը», ամենայն հավանականությամբ կմտնի որպես ֆարմատեխնիկայի ներկայացուցիչ: Եթե այլ հիմնարկներ են` կամ կտեղափոխվեն, կամ այդ տարածքը չի հայտնվի ազատ տնտեսական գոտում»,- նշեց էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը: «Սիտրոնիքս Արմենիայի» գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը նույնպես այն կարծիքին է, որ առեւտրային պահեստները ազատ տնտեսական գոտում մնալ չեն կարող, սակայն նաեւ նշեց, որ գոտու վերջնական սահմանները որոշված չեն:

Հայաստանի 93 միլիոն դոլարի պետական պարտքի մարման դիմաց հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը փոխանցելու համաձայնագիրը ստորագրվել է 2002 թ.-ին: Ռուսաստանին է փոխանցվել հայկական «Մարս» ՓԲԸ-ն (գնահատված է 56,29 միլիոն դոլար), «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (2,75 միլիոն դոլար), «Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (3,37 միլիոն դոլար), «Երեւանի նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն (0,35 միլիոն դոլար), Հրազդանի ՋԷԿ-ի ունեցվածքային համալիրը (31 միլիոն դոլար):