Ուկրաինան պետք է դոնորների կոնֆերանս գումարի՝ դեֆոլտ թույլ չտալու համար, հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Փողի հետ կապված խնդիրներ կան, քանի որ 2010թ.-ից հետո պետական պարտքը կրկնակի աճել է՝ հասնելով 70 մլրդ դոլարի, եւ մենք ռազմական ագրեսիայի վիճակում ենք, առանց միջազգային գործընկերների օգնության գրեթե անհնար է այս վիճակից դուրս գալ: Մենք 9 մլրդ դոլար ֆինանսական օգնություն ենք ստացել, 14 միլիարդի պարտք եւ վարկ մարել: Հաջորդ տարի, բացի ԱՄՀ-ի նախատեսած ծրագրից, ըստ ամերիկյան առաջատար թերթերից մեկի, Ուկրաինային անհրաժեշտ է 15 մլրդ դոլար: Մեզ խիստ անհրաժեշտ է դոնորների կոնֆերանսը», - Յացենյուկի խոսքերն են փոխանցում ուկրաինական լրատվամիջոցները:

Նա նաեւ հայտարարել է, որ 2015թ. երկրի առաջ գոյատեւելու խնդիր է դրված:

«2015թ. խնդիրը գոյատեւելն է: Պոպուլիստական հայտարարություններ չեմ անի՝ ասելով, որ բոլորը կապրեն հարուստ եւ երջանիկ: 2015-ին պետք է գոյատեւել, որպեսզի չկրճատվեն աշխատավարձերն ու կենսաթոշակները, չավելանա գործազրկությունը», — ասել է վարչապետը:

Յացենյուկը նաեւ ռազմաարդյունաբերական համալիրի գործակալություն ստեղծելու եւ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը վերացնելու մտադրություն է հայտնել: «Մենք պետք է երկիրը հարմարացնենք ՆԱՏՕ-ի ստանդարտներին՝ աշխարհի ամենաճիշտ եւ ուժեղ դաշինքի տրամաբանությամբ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն», - նշել է նա: