Հայաստանում խոսքի ազատության իրավունքը բավարար պաշտպանված չէ, եւ ոլորտում առկա իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Այս մասին հուլիսի 7-ին «խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։ Զեկույցում, որի պատրաստմանն աջակցել է USAID-ի փորձագիտական խումբը, մասնավորապես հետազոտվել են խոսքի ազատության հետ կապված հարաբերություները կարգավորող իրավական ակտերը, եւ ուշադրություն է դարձվել առավելապես օրենսդրության մեջ տեղ գտած հակասություններին, ինչպես նաեւ խոսքի ազատության վիճակը վատթարացնող դրույթներին։
Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ Հայաստանում ԶԼՄ-ների, հատկապես հեռուստատեսության ու ռադիոյի գործունեությանը, մասնավորապես՝ «Ա1+»-ին, ինչպես նաեւ ներկայացվել են մամուլում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մանրամասն ուսումնասիրվել են խոսքի ազատության սահմանափակումների հիմնական դրսեւորումները, ներկայացվել են վերջին տարիներին տեղի ունեցած նման դեպքերի օրինակներ, ինչպիսիք էին 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված եւ 20 օր տեւած արտակարգ դրության ընթացքում մի շարք թերթերի տպագրման սահմանափակումները։
ՄԻՊ գրասենյակի հեղինակած զեկույցի եզրակացության մեջ արձանագրվել է, որ խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը շատ մտահոգիչ է, եւ այն բարելավելու համար անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, բարեփոխել օրենսդրությունը։ Առաջարկ է արվում նաեւ իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված հասարակական իրավագիտակցության բարձացմանը, այդ ոլորտի արատավոր երեւույթները հաղթահարելուն։ «Որքան էլ օրենսդրությունը բարեփոխվի, խոսքի ազատության սահմանափակումները չեն վերանա, լրագրողների նկատամբ կիրառվող բռնությունները չեն նվազի, քանի որ դրանք կապված են սոցիալ-քաղաքական մի շարք խնդիրների եւ երեւույթների հետ։ Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի հասարակության ինքնագիտակցությունը բարձրացվի եւ հանդուրժողականություն սերմանվի»,-նկատեց ՄԻՊ-ը։




























