Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության «Վեստի» լրատվական ծրագրի դեկտեմբերի 10-ի գլխավոր թողարկման ընթացքում մեկ րոպե էլ չի գտնվել Պետդումայի կողմից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելու լուրը հաղորդելու համար:
Ռուսական տեղեկատվական գլխավոր հաղորդումը սովորականի նման եթեր է դուրս եկել Մոսկվայի ժամանակով ժ. 20.00 -ին (21.00 –ին՝ Երեւանի ժամանակով)՝ «Ռոսիա–1» եւ «ՌՏՌ – Պլանետա» (դրա միջազգային տարբերակը) ալիքներով: Հիմնական թողարկումը տեւել է 70 րոպե, սակայն Պետդումայից ցուցադրված միակ բանը եղել է կարճ նյութ՝ նվիրված Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած ՌԼԴԿ հոբելյանի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:
Դեկտեմբերի 4-ին եւս «Վեստին» արհամարհել էր ՀՀ խորհրդարանի կողմից ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացումը: Բայց եթե այն ժամանակ կարելի էր դա վերագրել նրան, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահն ամենամյա ուղերձով դիմել էր խորհրդարանին, ինչի վերաբերյալ մի քանի ռեպորտաժները լրացրել էին երեկոյան եթերի հիմնական ժամանակը, ապա այս դեպքում, երբ «Վեստին» արհամարհում է ՌԴ Պետդումայի կողմից պայմանագրի վավերացումը, մնում է հարց տալ՝ արդյոք այդ ամենը գիտակցաբար չի՞ արվում:



























