NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Քեյսի Միշելի՝ «The Diplomat»-ում հրապարակված հոդվածը:
Եվրասիական տնտեսական միությունում լարվածությունը զգալի էր դրա ստեղծման պահից ի վեր: Մինչ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դիտարկում էր հավասար գործընկերների կազմակերպություն ստեղծելու գաղափարը, կազմակերպություն, որն ավելի նման կլինի Եվրամիության մոդելին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ն վերածում է ռուսական կայսրությունը վերականգնելու միջոցի՝ Ռուսաստանի գերակայությունը շահարկելով երկրի ներսում հանրության առջեւ, որը հետեւում է, թե ինչպես է անհետանում իր տնտեսության ճկունությունը:
Վերջին տարաձայնություններն ի հայտ եկան այս ամսվա սկզբին, ընդհանուր արժույթի հարցի շուրջ: Ինչպես եւ ընդհանուր անձնագրերի հարցում, Ղազախստանը կարող էր դադարեցնել ԵՏՄ միասնական արժույթի ուղղությամբ շարժումը: Ռուսաստանցի պաշտոնատար անձինք նորից ու նորից առաջ քաշեցին միասնական արժույթի գաղափարը, իսկ ղազախստանցի պաշտոնյաները կրկին դեմ արտահայտվեցին՝ ընդգծելով, որ ԵՏՄ մարմիններում որեւէ նշանակալի քննարկում չի անցկացվել՝ չխոսելով արդեն պայմանավորվածությունների մասին:
Ամեն դեպքում, ռուսաստանցի պաշտոնյաներին, կարծես, չհասավ այդ ուղերձը, եւ նրանք, թվում է, տրամադրված են շարունակել քարոզել ԵՏՄ-ի ներսում միասնական արժույթի անցնելու անխուսափելիությունը: Ռուսաստանի Ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մուրիչեւը դեկտեմբերի 2-ին «Իզվեստիա»-ին հայտարարել էր, որ միասնական արժույթի հարցը գրեթե հստակեցված է: Բացի այդ, Մուրիչեւը նշել էր, որ ԵՏՄ-ի ներսում իրականացվող գործարքներում կարող են առաջիկայում արգելվել դոլարն ու եվրոն՝ «ընդհանուր վճարային տարածություն» ստեղծելու համար, այս պահին՝ ազգային արժույթների հիման վրա: «ԵՏՄ-ում միասնական վճարային տարածության ստեղծումը կհանգեցնի… միասնական արժութային վճարային համակարգի արագացված անցմանը»,- ասել էր Մուրիչեւը:
Ղազախստանի պատասխանը չուշացավ. երկրի Ձեռներեցների ազգային պալատը հայտարարեց, որ ԵՏՄ ներկա պայմանագրով «ԵՏՄ անդամ պետությունների ռեզիդենտների միջեւ փոխադարձ հաշվարկներում արտարժույթի օգտագործման արգելք նախատեսված չէ»: Միջամտեց անգամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ նշելով, որ դոլարն ու եվրոն արգելելու առաջարկի համար որեւէ հիմք չկա:
ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունն ավելին կլիներ, եթե այն չքարոզեին գրեթե բացառապես ռուսական պաշտոնյաները, եւ եթե ամեն անգամ այդ գաղափարն առաջադրելուց հետո դեմ հանդես չգային ղազախստանցիները: Թվում է՝ այս դինամիկան մոտ ապագայում չի փոխվելու: Ի վերջո, հիմնականում ռուբլու անկման պատճառով 2015 թվականին Ղազախստանում կրկին տենգեի արժեզրկում է կանխատեսվում: Ռուսաստանցի պաշտոնյաները կարող են միասնական արժույթի ուղղությամբ ջանքերը կապել այն բանի հետ, որ չեն բացառում ԱՄՆ-ի անխուսափելի փլուզումը, սակայն թվում է, որ Աստանան ավելի շուտ կդիմի այդ ռիսկին, քան իր արժույթն ավելի շատ կկապի մի երկրի հետ, որը ռեցեսիայի է բախվում:




























