Թուրինից ոչ հեռու գտնվող իտալական Պիներոլո քաղաքի ոստիկանությունը տուգանել է 85-ամյա կաղ տղամարդուն: Ճանապարհային տեսուչները թոշակառուին տուգանել են այն բանի համար, որ տարիքի եւ առողջության պատճառով նա չի հասցրել փողոցն անցնել կանաչ լույսի տակ՝ խախտելով հետիոտնի համար նախատեսված ճանապարհային երթեւեկության կանոնները:

Նախապես տուգանքը 41 եվրո է եղել, սակայն ժամանակին վճարելու արդյունքում նվազեցվել է մինչեւ 28.7 եվրո: Իմանալով այս դեպքի մասին՝ Պիներոլոյի քաղաքապետը խոստացել է, որ սեփական միջոցներից կվերադարձնի թոշակառուի վճարած գումարը:

Քաղաքի բնակիչները հաճախ են բողոքում, որ Պիներոլոյում լուսակիրները սխալ են աշխատում, եւ ժամանակը չի բավականացնում՝ կանաչ լույսի տակ ճանապարհն անցնելու համար: Այս մասին գրում է RT-ն՝ վկայակոչելով The Local-ին: