Ձեռներեց Սքոթ Յանգի՝ Բորիս Բերեզովսկու ընկերոջ մահվան խորհրդավոր պատմությունը հայտնվել է բրիտանական լրատվամիջոցների առաջին էջերում: Հարուստ ընկերների խմբում հինգ մարդ կար, եւ բոլորն էլ մահացել են տարօրինակ հանգամանքներում: Լրագրողները դրանում «ռուսական հետք» են փնտրում:
52-ամյա Սքոթ Յանգն ընկավ Լոնդոնի հինգ հարկանի շենքի վերջին հարկում գտնված իր բնակարանի պատուհանից: Ոստիկանության վարկածի համաձայն՝ դա ինքնասպանություն էր: Սակայն գործարարի մտերիմ ընկերներն այլ կարծիքի են: Ըստ The Daily Telegraph-ի, նրանք պատմել են, որ նախկինում ռուսական մաֆիայի որոշ անդամներ նրան դուրս են բերել լոնդոնյան հյուրանոցներից մեկի պատուհանից՝ սպառնալով հաջորդ անգամ ցած նետել, եթե Յանգը չվճարի իրենց:
Ավելի վաղ նման մահով վախճանվեց նաեւ 55-ամյա ֆինանսական խորհրդական Ջոնի Էլիչաոֆը. նա ընկավ Լոնդոնի առեւտրի տան տանիքից: 2010 թվականին մետրոյում գնացքի տակ ընկավ 54-ամյա գործարար Փոլ Քասլը: Իսկ 2012 թվականի դեկտեմբերի Լոնդոնի հյուսիս-արեւմուտքում գնացքի տակ ընկավ 47-ամյա միլիարդատեր Ռոբերտ Քյորտիսը: Այն ժամանակ ասացին, որ, իբր, պարտքերի համար նրա հետ հաշվեհարդար տեսավ թուրքական մաֆիան:
Ինչ վերաբերում է Բորիս Բերեզովսկիին, ապա նրան իր բնակարանի լոգարանում մեռած գտան անցյալ տարվա մարտին: Ե՛վ Բերեզովսկին, ե՛ւ Յանգն ու մյուսները մտերիմ էին, հաճախ ճաշում էին միասին: Բացի այդ, Բերեզովսկին եւ Յանգը գումարներ էին ներդրում Project Moscow նախագծում, որը խափանվեց, եւ նրա մասնակիցները հարյուր միլիոնավոր ֆունտ սթեռլինգ կորցրեցին:
Ըստ RT-ի, վեցերորդ զոհը դարձավ Ստեֆան Քյորտիս անունով փաստաբանը, ով ներկայացնում էր Յանգի, Քյորտիսի եւ Քասլի շահերը եւ նրանց ծանոթացրել էր ռուսների հետ: Նրա ուղղաթիռը կործանվեց: Դրանից մի քանի շաբաթ առաջ ընկերոջ հետ զրույցում Քյորտիսն ասել էր, որ եթե իր հետ որեւէ բան լինի, դա պատահականություն չի լինի:




























