Գյուրզայի թույնից յուրաքանչյուր տարի Հայաստանում մահանում է մինչեւ տասը մարդ: Հայ գիտնականները գտել են գյուրզայի խայթոցի դեմ դեղամիջոց, որը կարող է զգալի նվազեցնել թույնի վտանգավորությունը օրգանիզմում եւ հետաձգել մարդու կյանքին սպառնացող վտանգը: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի զտման, սերտիֆիկացման եւ ստանդարտացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Ոսկանյանը: Վերջին տարիներին այդ լաբորատորիան զբաղվում է գյուրզայի թույնի ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնելով, ինչպես նաեւ գյուրզայի խայթոցների դեմ պայքարով, սակայն վերջերս պատահականորեն բացահայտել են, որ մի նյութ դրական ազդեցություն ունի գյուրզայի խայթոցի պարագայում։ Դա օրգանիզմի համար կարեւոր նյութերից է` տաուրինը, որն ամենաշատը հայտնաբերվել է կենդանիների մսի մկանային հյուսվածքի մեջ:  

«Մենք պարզեցինք, որ տաուրինը, որն ազատ ամինաթթու է եւ պարունակում է ծծումբ, շատ լավ հակատոքսիկ ազդեցություն ունի գյուրզայի թույնի դեմ»,-ասաց Ոսկանյանը: Սակայն տաուրինը օգնում է միայն գյուրզաների խայթոցի պարագայում, իսկ կոբրաների դեպքում այս նյութը բացարձակապես ազդեցություն չունի:  «Գյուրզայի թույնը ոչնչացնում է մարդու արյունատար անոթների համակարգը, զրկելով օրգանները սնուցումից, ինչը եւ մեծ մասամբ մահվան պատճառ է հանդիսանում։ Իսկ տաուրինը, ինչպես պարզվում է, պայքարում է գյուրզայի թույնի ամենակարեւոր առանձնահատկության` անոթների ոչնչացման դեմ»,-ասաց Ոսկանյանը:  Նա նշեց, որ տաուրինը ունի անոթը պաշտպանելու հատկություններ` անգիոպրոտեկցիա, որի հետեւանքով էլ այն խայթոցները, որոնք մահացու էին, անմիջապես տաուրին ներարկելուց հետո դառնում են ոչ մահացու:

Մինչ այժմ փորձերը կատարվել են կենդանիների վրա, սակայն Ոսկանյանը համոզված է, որ տաուրինի նույն դրական ազդեցությունը կարտահայտվի նաեւ  մարդկանց խայթելու դեպքում: Տարիներ շարունակ տաուրինը իր անգիոպրոտեկտորային հատկության շնորհիվ օգտագործվել է որպես դեղամիջոց շաքարախտի ժամանակ։ Բացի այդ, հավելյալ փորձերը ցույց են տվել, որ տաուրինը ոչ մի կերպ  չի փոխազդում հակաօձային շիճուկի հետ, այսինքն՝ օձի խայթոցից հետո կարելի է օգտագործել տաուրինը, որը կթուլացնի թույնի ազդեցությունը, եւ այնուհետեւ, անհրաժեշտության դեպքում, կարելի է նաեւ հակաօձային շիճուկ ներարկել։  Տարեցտարի աճող գյուրզայի խայթոցների դեմ արդյունավետ պայքարելու համար Ոսկանյանի գիտական խումբը ծրագիր է մշակել, որը նախատեսում է բավարար քանակի տաուրինի դոզաներ պատրաստել եւ բաժանել համապատասխան ռիսկային խմբերին, որոնց մեջ են մտնում երկրաբանները, սահմանապահները, գյուղատնտեսները, էքստրեմալ զբոսաշրջությամբ զբաղվողները եւ այլն։ Մեկ դոզան իրենից ներկայացնում է 5-7 գրամ տաուրին՝ փոշու տեսքով (որի պահպանման ժամկետը 10 տարի է) եւ մեկ շիշ թորած ջուր։ Այսպիսի մեկ դոզայի արժեքը կազմում է մոտ 3000 դրամ՝ ներառյալ բացատրական աշխատանքներն ու հետագա վերլուծությունները։  

Նշենք, որ Հայաստանում Ուզբեկստանից բերված հակաօձային շիճուկի մեկ չափաբաժինը (մոտ 5 մլ) արժե 72 հազար դրամ: Խոշոր օձի ուժեղ խայթոցի պարագայում պահանջվում է ներարկել մինչեւ հինգ չափաբաժին, որը կազմում է մոտ 1000 դոլար: Ի դեպ, Ոսկանյանի խոսքով, այս բարձր գինը անբացատրելի է, քանի որ նույն Ուզբեկստանից բերված նույն շիճուկը Ռուսաստանում արժե ընդամենը 13 հազար դրամին համարժեք ռուբլի։  

«Ծրագիրը, որի իրականացման համար պահանջվում է ընդամենը 5 մլն դրամ, ՀՀ ԳԱԱ նախագահության միջոցով  ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մեր գիտության ու ինովացիայի զարգացման ջատագով կառավարությունը այդպես ել չկարողացավ օժանդակել»,- նշեց Ոսկանյանը։

Լուսինե Մովսիսյան

Արմեն Սարգսյան