Ադրբեջանի պահեստազորի փոխգնդապետ Արիֆ Ռահիմովը դիմել է ՄԱԿ-ի ներկայացուցչությանը` խնդրելով իրեն քաղաքական ապաստարան տրամադրել որեւէ երկրում: Ըստ Ռահիմովի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բարձարաստիճան պաշտոնյաները, մասնավորապես Բեյլաղանյան կորպուսի հրամանատար Մահմուդ Համզաեւը, ոտնահարել են իր իրավունքները: Իսկ պատճառն այն տունն է, որտեղ Ռահիմովը ընտանիքով ապրել է 1992-ից մինչեւ 2008 թ-ը:

«Մի քանի անգամ նրանք փորձել են այդ տունը խլել ձեռքիցս, սակայն 1993-ին եւ 1996-ին Լենքորանի զորամասի հրամանատարությունը պաշտոնապես հաստատել է, որ ես օրինական եմ ապրում այդ տանը: Իմ օգտին նույնիսկ դատական որոշումներ են ընդունվել: Չկարողանալով տունն իմ ձեռքից խլել օրինական ճանապարհով` հրամանատարությունը հրամայել է զինվորներին՝ ինձ այդտեղից դուրս հանել բռնությամբ եւ քրեական գործ է սարքել: Ես հասկացա, որ ինձ ձերբակալելու են եւ ստիպված փախա երկրից»,- պատմել է Ռահիմովը եւ հավելել, որ այժմ ինքն ու իր ընտանիքը փախստականներ են եւ վախենում են իրենց ապագայի համար:

Իսկ տունը, որի համար հետապնդում են Ռահիմովին, ֆիննական քոթեջ է ծովի ափին` շատ երեւելի մի վայրում` 25 000 քմ տարածքով, եւ, ըստ Ռահիմովի, այժմ տունն ու հողակտորը բավական թանկ արժեն: