Ֆրանսիացի հնագետները եգիպտական Լուքսորում Ռամզեսի ժամանակաշրջանի փարավոնի կնոջ գերեզման են հայտնաբերել: «Ներկայում մենք փորձում ենք պարզել, թե որ փարավոնի կինն է եղել նա»,- AFP-ին ասել են Եգիպտոսի հնագիտության նախարարությունում:

Ինչ վերաբերում է գերեզմանին, ապա դրա ներսում հայտնաբերված գտածոները բավական համեստ են: Արձանիկներից մեկի վրա նշված է Կարոմամա թագուհու անունը: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, դա կօգնի ավելի շատ բան իմանալ փարավոնի կնոջ, իսկ ամենակարեւորը՝ նրա ամուսնու մասին: Նախկինում այդ ընտանիքի մասին ոչինչ հայտնի չի եղել:

Առայժմ հայտնի է միայն, որ գտածոն Ռամզեսների ժամանակաշրջանին է պատկանում: Դա 19-րդ (մ.թ.ա. 1314-1200) եւ 20-րդ (մ.թ.ա. 1200-1085) դինաստիաների ժամանակն է, որի ընթացքում բազմաթիվ փարավոններ Ռամզես անունն են կրել:

Ավելի վաղ՝ այս տարվա նոյեմբերին, հնագետներն ավելի քան 3.500 տարեկան տաճար էին հայտնաբերել: Արդեն պարզվել է, որ այն պատկանում է ամենահայտնի եւ ռազմատենչ փարավոններից մեկի՝ Թութմոս III-ի ժամանակաշրջանին, ով Հին Եգիպտոսում իշխել է 3.400 տարի առաջ: