Աշխարհի տարբեր երկրներում 781 մլն մեծահասակ մարդ կամ Երկրի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ ընդհանրապես չի կարողանում կարդալ ու գրել, ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների հիման վրա պատրաստված ամերիկյան «Գլոբալիստ» ցանցային պարբերականի հետազոտական կենտրոնի զեկույցում: Ըստ գիտնականների, վերջին 2 տասնամյակում մոլորակում գրագիտությունը բարձրանում է ցածր տեմպերով ու այժմ կազմում է ընդամենը 84%: Անգրագիտության վերացումը արագ տեմպերով էր ընթանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սակայն 21-րդ դարում նկատելիորեն դանդաղել է, նշում են փորձագետները: 2000թ.-ից սկսած՝ այդ ցուցանիշն ավելացել է ընդամենը 2%-ով:

Զեկույցի հեղինակների կարծիքով, Կենտրոնական Աֆրիկայի ու Արեւմտյան Ասիայի երկրներում կարդալ ու գրել չիմացող 597 մլն մարդ է ապրում: Վերջիններս կազմում են աշխարհիանգրագետ մարդկանց 76%-ը:

Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում 15-ից մինչեւ 24 տարեկան պատանիների եւ աղջիկների շրջանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն, գրագիտությունն այժմ կազմում է 90 տոկոս: Սա նշանակում է, որ 126 մլն երիտասարդներ կարդալ եւ գրել չգիտեն:

Զեկույցում ուշադրություն է հրավիրվում նաեւ այն հանգամանքի վրա, որ ընդհանուր առմամբ գրագիտությունը տղաների շրջանում 6 տոկոսով ավելի բարձր է, քան աղջիկների շրջանում, իսկ ամենամեծ խզումն այս բնագավառում դիտվում է, բնականաբար, աղքատ մահմեդական երկրներում: Մոլորակի 781 մլն անգրագետ  մարդկանց երկու երրորդը կազմում են կանայք: Նրանց ավելի քան 30 տոկոսը (187 մլն) ապրում է Հնդկաստանում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Ընդհանրապես, անգրագետ բնակիչների ամենաբարձր թվաքանակը՝ 286 մլն մարդ, Հնդկաստանում է: Վերջինիս հետեւում են Չինաստանը՝ 54 մլն, Պակիստանը՝ 52 մլն, Բանգլադեշը՝ 44 մլն, Նիգերիան՝ 41 մլն, Եթովպիան՝ 27 մլ, Եգիպտոսը՝ 15 մլն, Բրազիլիան՝ 13 մլն, Ինդոնեզիան՝ 12 մլն եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը՝ 12 մլն մարդ: