«Օֆշորի» գործով նախաքննության ժամկետը երկարացվել է մինչեւ փետրվարի 19-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը՝ Յուրիկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ քննչական մարմինը երկու ամսով երկարացրել է գործով նախաքննության ժամկետը: Երկու ամսով երկարացվել է նաեւ Աշոտ Սուքիասյանի կալանքի ժամկետը, նրա կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 19-ին: Ընթացքի մեջ է գտնվում ֆինանսա-տնտեսագիտական փորձաքննությունը, այս ընթացքում նոր առերեսումներ չեն եղել:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր:




























