Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի բնակարանը խուզարկել են, սակայն որեւէ բան չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Միրզոյանը:
«Խուզարկությունը կատարվել է իմ հարբեցող, նաեւ խարդախ սանիկի ուղղորդված եւ ակնհայտ սուտ ու զրպարտող ցուցմունքների հիման վրա»,-ասաց ՀՔԾ նախկին պետը: Նա ասաց, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել: Անդրանիկ Միրզոյանը նաեւ նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ընդհանրապես շփում չի ունեցել իր այդ սանիկի հետ՝ իմանալով, որ զբաղվում է կեղծարարությամբ, տարբեր վայրերում իր անունն ու պաշտոնն է շահարկում: Իսկ թե ինչ գործի շրջանակններում է կատարվել խուզարկությունը, ՀՔԾ նախկին պետն ասաց, որ ընթանում է նախաքննություն, մանրամասներ չի կարող հայտնել: Անդրանիկ Միրզոյանը միայն հավելեց, որ դիմել է ԱԱԾ-ին՝ իր սանիկին սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցով:
Փորձեցինք ԱԱԾ մամուլի ծառայությունից ճշտել, թե ինչ գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը, որտեղից փոխանցեցին, որ քննչական վարչություն նման տեղեկատվություն չի տրամադրվել իրենց:




























