1960-ականների կինոաստղ, կենդանիների հայտնի պաշտպան Բրիջիթ Բարդոն ֆրանսիացիներին կոչ է արել սննդում ձիու միս չօգտագործել: Ֆրանսիայի բնակչությանն ուղղված դերասանուհու բաց նամակը երկուշաբթի տարածել է Կենդանիների պաշտպանության նրա հիմնադրամը:

Բարդոն ընդգծել է, որ ակնկալում էր, որ սեպտեմբերին իր ծննդյան 80-ամյակի առիթով Ֆրանսիայի իշխանություններն իրեն նվեր կմատուցեն՝ սննդի արդյունաբերությունում արգելելով ձիու մսի օգտագործումը, ինչպես նաեւ ձիերի սպանդի ոչ մարդկային մեթոդները: «Նման միջոցների ես սպասում եմ արդեն երեք տասնամյակ»,- Բարդոյի հայտարարությունն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես չափազանց հիասթափված եւ տխուր եմ, որ դա տեղի չունեցավ: Նախագահ Օլանդը նամակով ինձ հաղորդեց, որ կառավարությունը չի կարող բավարարել այդ երկու խնդրանքը: Հիմա ինձ մնում է միայն ֆրանսիացի սպառողներին աղաչել՝ սննդում ձիու միս չօգտագործել: Հենց այդ կերպ մենք կհասնենք նրան, ինչում կառավարությունը մեզ մերժում է արդեն 30 տարի»,- ասել է դերասանուհին: