Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ներկա չի գտնվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Երեւանում կայանալիք միջոցառումներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Նորավանք» գիտահետազոտական կենտոնի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը:

Այդուհանդերձ, նրա խոսքով, 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավերը բավականին նուրբ քաղաքական քայլ էր: «Դժվարանում եմ ասել, թե ինչ կոնկրետ քայլերի կդիմի թուրքական կողմը, սակայն պետք է խոստովանել, որ նրանք բավականին ուշադիր հետեւում են հայկական քաղաքականությանը եւ փորձում մեղմացնել  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հնարավոր հետեւանքները», - նշել է Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին՝ կուժեղանա՞ արդյոք Թուրքիայի վրա միջազգային հանրության ճնշումը, քաղաքագետն ընդգծեց. «Ինչպես տեսնում ենք, այդ նույն միջազգային հանրությունը 100 տարվա ընթացքում ապրում է տվյալ փաստի ճանաչմամբ, իսկ որոշ երկրներ, օրինակ ԱՄՆ-ն, չեն ճանաչում այն: Ուստի կարծում եմ, որ որոշակի խոսքեր կհնչեն, Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահը եւ ավելին ոչինչ»: Գագիկ Հարությունյանը հավելեց, որ Էրդողանի կողմից իրադարձությունների համար ցավ հայտնող ինչ-որ հայտարարություններ նույնպես կհնչեն, սակայն ոչ ավելին:   

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2014թ. օգոստոսի 28-ին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը. հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի նախագահին է հանձնել 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: