Արտասահմանում ամերիկյան բանակի ռազմական խոշոր գործողությունների դարաշրջանը մոտեցել է ավարտին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Մաքգուայր-Դիքս-Լեյքհարսթ միացյալ ռազմաբազայում՝ ելույթ ունենալով երեք հազար զինծառայողների առաջ: Նա նշել է, որ զորքերը պետք է պատրաստ լինեն տարբեր հանձնարարությունների կատարմանը:
«Մոտեցել են ավարտին այն ժամանակները, երբ ԱՄՆ-ն ռազմական խոշոր գործողություններ էր անցկացնում այլ երկրներում», — հայտարարել է Օբաման՝ հիշեցնելով, որ մինչեւ տարեվերջ կավարտվի հիմնական զորամասերի դուրսբերումն Աֆղանստանից: «Ավելի քան 13 տարի անց ռազմական գործողությունն Աֆղանստանում կավարտվի», —նշել է նախագահը՝ հավելելով, որ այդ տարածաշրջանը նախկինի պես շարունակում է վտանգավոր վայր մնալ, հայտնում է Lenta.ru-ն:
Օբաման հիշեցրել է, որ Աֆղանստանում եւ Իրաքում 180 հազար զինվորականներից կմնա առնվազն 15 հազար մարդ: «Ապագայում մեր զորքերն ավելի քիչ կլինեն: Սակայն, որպես ձեր գլխավոր հրամանատար, ես ցանկանում եմ վստահ լինել, որ դուք պատրաստ եք ձեր առջեւ դրված հանձնարարությունների կատարմանը», — հայտարարել է նախագահը:




























