ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Ուկրաինային օգնելու երկրի մտադրությունը:

«Ջոզեֆ Բայդենը հաստատել է ԱՄՀ-ի գծով օգնություն տրամադրելու ուղղությամբ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը», — ասվում է Ուկրաինայի նախագահի կայքի հաղորդագրությունում: Բացի դրանից, փոխնախագահը խոստացել է աջակցել Կիեւին Դոնբասում «խաղաղ ծրագիրն» իրականացնելու հարցում:

Պորոշենկոն էլ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ընդունած «Ուկրաինայի ազատության աջակցության մասին» օրենքը: «Նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում այս կարեւոր օրենքը կստորագրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը կվկայի ԱՄՆ ժողովրդի  համերաշխությունն Ուկրաինայի հետ», — ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 12-ին նախագահ Բարաք Օբամային լիազորել էր  նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ: Օրինագիծը, որը պետք է հավանություն ստանա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից,  նույնպես թույլ է տալիս Ուկրաինայի ռազմական օգնություն տրամադրել, որի համար 2015 թ.  կարող է հատկացվել  350 մլն դոլար:

Նոյեմբերի վերջին Բայդենը Կիեւ կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել էր, որ միջազգային գործընկերները կշարունակեն Կիեւին ֆինանսական օգնություն ցուցաբերել, այդ թվում նաեւ ԱՄՀ-ի գծով: