Նյու-Յորքի դատարանը մամուլի կողմից «դարի խարդախ» ճանաչված Բեռնարդ Մեդոֆի օգնականի նկատմամբ վճիռ է կայացրել: 53-ամյա Քրուփին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ մոտ 34 մլրդ դոլար տուգանքի, հաղորդում է USA Today-ը: Կինը Մեդոֆի՝ ազատազրկման դատապարտված 5 աշխատակիցներից վերջինն էր:

Քննության տվյալներով՝ Քրուփին, ինչպես նաեւ Մեդոֆի մյուս 4 օգնականները՝ Ջորջ Պերեսը, Ջերոմ Օ՛Հարան, Անետ Բոնժորնոն եւ Դանիել Բոնվենտրեն կեղծել են փաստաթղթեր օգնել Մեդոֆին իշխանությունից թաքցնել իր մեքենայությունները:

Անցած շաբաթ Բոնվերտրեն, Բոնժորնոն, Օ՛Հարան եւ Պերեսը դատապարտվել էին 2,5-10 տարվա ազատազրկման: Բոլոր դատապարտվածները դատարանի վճռով ավելի քան 150 մլրդ դոլարի չափով տուգանք  պետք է վճարեն: Տվյալ գումարը բազմաթիվ անգամներ գերազանցում է պատասխանողների խնայողությունների ծավալը եւ նրանք ստիպված կլինեն մինչեւ կյանքի վերջ մարել պետության նկատմամբ ունեցած պարտքերը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Բեռնարդ Մեդոֆը կալանավորվել է 2008թ.: Bernard L. Madoff Investment Securities հիմնադրամի գործունեության հետեւանքով ամբողջ աշխարհից մոտ 3 մլն մարդ է տուժել, որոնք, ընդհանուր առմամբ, կորցրել են 64,8 մլրդ դոլար: Դարի խարդախը դատապարտվել է 150 տարվա ազատազրկման:

Ներկայումս Մեդոֆը իր պատիժը կրում է Հյուսիսային Կարոլինա նահանգի դաշնային բանտում: