Հունաստանի խորհրդարանում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի կունենա երկրի նախագահի ընտրությունների 1-ին փուլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միակ թեկնածուն աջ-կենտրոնամետ ուղղվածության քաղաքական գործիչ Ստավրոս Դիմասն է, որի թեկնածությունը ներկայացրել են երկկուսակցական կոալիցիայի առաջնորդները՝ «Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Անդոնիս Սամարասը եւ ձախ-կենտրոնամետների առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը:

Եթե քվեարկության երեք փուլերում չհաջողվի նախագահ ընտրել որակյալ մեծամասնությամբ, ապա խորհրդարանը կցրվի եւ արտահերթ ընտրություններ կլինեն: Խորհրդարանի նոր կազմում նախագահի թեկնածուն պետք է ստանա ձայների պարզ մեծամասնությունը:

Հունաստանի սահմանադրության համաձայն, երկրի նախագահը իշխանության ինստիտուտների արբիտրն է: Հունաստանի նախագահ կարող է դառնալ 40 տարեկանից բարձր ցանկացած անձ, որն ունի Հունաստանի քաղաքացիություն առնվազն վերջին 5 տարիների համար, ծնողներից առնվազն մեկը հույն է:

Նշենք, որ Հունաստանի գործող նախագահ Կարոլոս Պապուլիասի երկրորդ ժամկետը լրանում է եւ նա չի կարող նորից առաջադրվել: