Երեւանում է գտնվում Հայաստանում Իսրայելի դեսպան Շեմի Ցուրը (նստավայրը Իսրայել )։ Չնայած որ դեսպանը հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ, նրա այցի մասին պաշտոնապես չէին տեղեկացրել։ Հայաստանի արտգործնախարարությունում հայտնեցին, որ Ցուրը չի հանդիպել արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի հետ, իսկ ԱԳՆ օրական ավելի քան տասը դեսպան է ընդունում եւ բոլոր ընդունելությունների մասին հայտնելու անհրաժեշտություն չկա։ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքերով, սա Շեմի Ցուրի հերթական աշխատանքային այցն էր եւ «պետք չէ դրան հատուկ նշանակություն տալ»։
Նշենք, որ այսօր դեսպանը հանդիպել է Հայաստանի հրեաների համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի հետ, ում հետ քննարկել են նաեւ վերջին սկանդալը՝ կապված իտալական պարբերականի այն հրապարակման հետ, որտեղ Հայաստանը ներկայացրել էին որպես «Հեզբոլլահին» զենք տրամադրելու տարանցիկ կետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարժապետյանը հավաստիացրել է, որ Իսրայելը ոչ մի դեպքում լրջորեն չի ընդունում այդ տեղեկատվությունը։ « Իսրայելը Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ նման տեղեկատվությունը հատուկ նպատակով են արվում, որպեսզի փչացնի հայ-հրեական հարաբերությունները, սակայն դա նրանց չի հաջողվի։ Շեմ Ցուրը եւս իր կարծիքն է արտահայտել այս առիթով եւ ասել. «Մենք նման բաներին լուրջ չենք վերաբերվում»։
Հիշեցնենք, որ իտալական «Corriere della sera» թերթը հայտարարություն է տարածել, որ Թեհրան-Երեւան չվերթ կատարած եւ հուլիսի 15-ին վթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռի բեռնախցիկում «Հեզբոլլայի» համար զենք է գտնվել։ Ըստ պարբերականի՝ բացի ուղեւորների բեռից, այնտեղ գտնվում էին նաեւ մեծ քանակությամբ նորագույն պայթուցիկներ, որոնք պետք է Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներով փոխադրվեին Լիբանան։
Ցուրի բացատրությունները կարելի էր բավարար համարել, իսկ նման տեղեկատվության մասին կարելի էր մոռանալ, եթե այդ այցը գաղտնի չպահվեր։ Հենց այդ գաղտնիքը, որը ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում պաշտպանել դեսպանին՝ կպչուն լրագրողներից, հանգեցնում է այն եզրակացության, որ Ցուրը այնքան էլ չի ուզում խոսել կամ ժխտել այդ տեղեկատվությունը։ Այնուամենայնիվ, NEWS.am-ին ստույգ աղբյուրներից հաջողվեց տեղեկատվություն ստանալ, որ Շեմի Ցուրը Երեւանում կմնա մինչեւ ուրբաթ։




























