Իրաքի Հանրապետությունում ապրող հայերը հունվարի 6-ին վաղ առավոտյան հավաքվում են Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, մասնակցում պատարագի, որից հետո արդեն հարազատներով հավաքվում են եւ տոնական սեղանների շուրջ նշում Սուրբ Ծնունդը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Իրաքում ՀՀ դեսպանատնից հայտնեցին, որ իրենց այդ երկրում ապրող հայերն Ամանորը նշում են հայկական ավանդույթներով եւ կերակրատեսակներով:
«Նոր տարվա գիշերը յուրաքանչյուրն իր տանն է նշում, տանտիկինները խմորեղեն, կարկանդակ են պատրաստում, սեղանին պարտադիր խորոված է լինում: Իրաքի հայերը հատուկ ուտելիք չունեն, որ այդ օրը պատրաստում են, լինում է այն, ինչ բոլոր հայկական ընտանիքներում: Մեր սեղաններին պարտադիր նաեւ խուրմա եւ ընկույզ է լինում»,- ասացին դեսպանատան աշխատակիցները:
Նրանց խոսքով՝ հունվարի 1-ին արդեն Բաղդադում ապրող հայերը հավաքվում են մայրաքաղաքում գործող հայկական միությունների սրահներում, որտեղ ամանորյա միջոցառումներ են կազմակերպվում, Ձմեռ պապն է այցելում, նվերներ հանձնում:
«Այստեղ ապրող հայերը հունվարի 1-ին նաեւ միմյանց հյուր են գնում, իսկ արդեն Սուրբ Ծնունդի երեկոյան բարեկամներով հավաքվում են մեկի տանը, սեղաններ գցում ու միասին նշում: Մյուս օրն էլ Մեռելոց է. հայերն այցելում են իրենց հարազատների շիրիմներին»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ մինչեւ պատերազմը՝ Իրաքում բնակվում էր շուրջ 25 հազար հայ, այսօր նրանց թիվը չի գերազանցում 10 հազարը:




























