Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր էական տեղաշարժեր չեն լինի։ Հուլիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւալագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքով, թուրքական իշխող էլիտան շահագրգռված չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում։
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ վերջերս Հարավային Կովկաս կատարած այցը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը դժգոհ է Թուրքիայի վարած քաղաքականությունից։ Հայկական իշխանությունների դիրքորոշումից ԱՄՆ-ը գոհ է, որովհետեւ նրանք պատրաստ են կառուցողական բանակցությունների։ Քլինթոնի այցը Ծիծեռնակաբերդ ոչ երկակի մեսիջ է թուրքերին՝ այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող են վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց դիրքորոշումը»,- ամփոփեց Սաֆրաստյանը։




























