Չի կարելի վստահ լինել, որ մեր օրերում Թուրքիայում չեն կրկնվի 1955 թվականի դեպքերը։ Հուլիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Քեմալ Աթաթուրքի հետեւորդները ամբողջ ուժով փորձում էին հեռանալ պետության թեոկրատիկ մոդելից եւ ստեղծել բաց երկիր, սակայն դա նրանց չհաջողվեց։ Թուրքիայի ներկայիս կառավարությունը հակառակ՝ իսլամիզացիայի ուղղություն է բռնել»,- հայտարարեց  Սաֆրաստյանը։

Խոսելով ստամբուլահայ համայնքի մասին՝ Սաֆրաստյանը մեջբերեց Հրանտ Դինքի խոսքերը։ «Թուրքիայում հեշտ չէ հայ լինել»։ «Ստամբուլի հայ համայնքը  թուրքական կառավարության պատանդն է։ Ամեն վայրկյան կարող են պատահել հայկական արյամբ հեղված իրադարձություններ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ անգամ Ցեղասպանությունից  40 տարի անց՝ 1955 թվականի սեպտեմբերի 6-ից 7-ը , Թուրքիայի տարածքում տեղի ունեցան ջարդեր՝ ուղղված ազգային փոքրամասնությունների դեմ։ Դրանց ընթացքում զոհվեց 20 մարդ, այդ թվում՝ 2 հոգեւորական։ Զոհվածների թվում էին հայեր, հույներ եւ հրեաներ։