ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման հանդիպումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Հանրապետության նախագահը եւ ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները եւ Հայաստանի ու Լեհաստանի Նախագահների փոխայցելությունները, գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների եւ տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա: Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում եւ հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարեւորել են ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը եւ Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները:
Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդին՝ մեծապես կարեւորելով այդ ոճրագործության ճանաչման, դատապարտման, այդպիսով՝ հետագայում այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում խորհրդարանականների դերը:





























