ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, դեկտեմբերի 17-ին, կայացել են ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման եւ սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը:

Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առեւտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը եւ միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշեցին փոխգործակցության նոր օրակարգային հարցեր: