Հավատացյալ քրիստոնյաների համար օրերս նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Հռոմի սուրբ Պողոսի տաճարում։ Միայն վերջերս տաճարի բեմի քարադամբան (սարկոֆագ) մտնելու թույլտվություն ստացած գիտնականները գտել էին թանկարժեք ծիրանագույն և երկնագույն վուշե գործվածքների մնացորդներ։ Իսկ քարադամբանը հետազոտվել էր հատուկ զոնդի միջոցով։ Բացի գործվածքից, հետազոտողները գտել էին խունկի սերմեր, ոսկե թիթեղ և մարդկային ոսկորների մնացորդներ,- հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Վատիկանի առաջնորդ, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ հնեաբանները իրենց գտածոները թվագրում են մեր թվականության I-II դարերով։ Բենեդիկտոս XVI-ը հաղորդել է, որ հետազոտությունը կատարել են գիտնականներ, որոնք գաղափար չեն ունեցել, թե որտեղ են գտնվել այդ ոսկորները։
«Դա եւ մի անգամ հաստտում է Պողոս առաքյալի մասունքների մասին ավանդության միահամուռ կերպով անվիճելի համարվող իսկությունը»,- հայտարարել է Բենեդիկտոս XVI-ը, որը հունիսի 28-ին ներկա էր Պողոս առաքյալի 2000-ամյակին նվիրված տոնակատարության փակմանը։ Հոգեւոր առաջնորդը շարունակել է. «Դարերի ընթացքում երբևէ չբացված քարադամբանում փոքրագույն անցք է արվել զոնդի տեղադրման համար, որի միջոցով էլ հայտնաբերվել են ծիրանագույն վուշե թանկարժեք գործվածքների, մաքուր ոսկուց թիթեղի ու վուշե թելերով երկնագույն կտորի հետքերը։ Հայտնաբերվել է նաև կարմիր խունկի, ինչպես նաև սպիտակուցային ու կրային միացությունների առկայություն։ Այս ամենը լցնում է մեր հոգին անբացատրելի խորը հուզմունքով»։
Պողոս առաքյալը աշխարհի քրիստոնյաների ամենապաշտելի սրբերից մեկն է, ով, ըստ Ավետարանի, սկզբում հալածանքների էր ենթարկում քրիստոնյաներին, իսկ Դամասկոսի դարպասների մոտ Քրիստոսի հետ հանդիպելուց հետո դարձավ Աստծո ամենահավատարիմ հետևորդներից մեկը։




























