Փհենյանը մտադիր է միջուկային զենք ստեղծել՝ այն դեպքում, եթե Վաշինգտոնը շարունակի թշնամական հռետորաբանությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը:

«Հիմա, երբ մարդու իրավունքների համար պայքարի քողի ներքո մեր հանրապետությունը գրավելու ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունն ակնհայտ է դարձել, Կորեական թերակղզին առանց միջուկային զենքի գոտու վերածելու գաղափարն այլեւս իմաստ չունի»,- ասված է կորեական իշխանությունների հայտարարությունում: Հյուսիսային Կորեան խոստանում է կրկնապատկել ռազմական հզորությունը, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում:

Միաժամանակ, Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության իշխանությունները ՀԴԲ-ին առաջարկել են Sony Pictures ընկերության դեմ կիբերհարձակման համատեղ հետաքննություն անցկացնել: Փհենյանում բոլոր մեղադրանքները հերքում են եւ զգուշացնում զրպարտության համար հնարավոր հետեւանքների մասին:

Ըստ Lenta-ի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանելու է Sony Pictures-ի վրա հարձակում իրականացրած հաքերների գործողություններին: Նա նաեւ նշել է, որ Sony-ն սխալ է գործել՝ կինովարձույթից հետ կանչելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմը: