Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել Մոլդովայի ազգային հավաքականի հետ և պարտություն է կրել 1:4 հաշվով:
Իհարկե, երբ Հայաստանի հավաքականը պարտվում է քիչ թե շատ ուժեղ հավաքականների, Հայաստանում շատերն իրենց մխիթարում են, թե մերոնք լավ էին խաղում, բայց դե ուժեղ մրցակից էր: Իսկ այս դեպքում պետք է նկատենք, որ ոչ միայն մրցակիցը ֆուտբոլի ասպարեզում որեւէ բանով աչքի չընկած Մոլդովայի հավաքականն էր, այլ նաեւ այն, որ մրցակցի կազմում Հայաստան չէին ժամանել մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, իսկ խաղից առաջ էլ թիմը հնարավորություն չէր ունեցել ամբողջական կազմով ուսումնամարզական հավաք անցկացնել:
Այս պայմաններում Մոլդովայի հավաքականը ոչ միայն կարողացավ հաղթել Հայաստանի հավաքականին, այլեւ դա արեց խոշոր հաշվով, ինչը խոսում է հայկական ֆուտբոլի հսկայական հետընթացի մասին:




























