Գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ավելացման ուղղությամբ մտահոգության անհրաժեշտություն չկա, քանի որ գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առեւտրի կապակցությամբ`ազգաբնակչությանը թարմ միս եւ մսամթերք ապահովելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գյուղատնտեսության գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի մսի իրացման ամենամեծ ծավալներն արձանագրվում են չորրորդ եռամսյակում: Ընդ որում, տարվա ընթացքում արտադրված մսի 15-17%-ը ստացվում է հոկտեմբեր, 18-20%-ը` նոյեմբեր եւ ավելի քան 26-28%-ը` դեկտեմբեր ամսին: Մսի արտադրության եւ իրացման նման համամասնությունը պահպանվում է արդեն տարիներ շարունակ, եւ գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ներկայիս ավելացումը բազմամյա օրինաչափության դրսեւորում է: Ի դեպ դեռեւս 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ մեր հանրապետությունում տավարի գլխաքանակն ավելացել էր 16.6 հազար գլխով, իսկ ոչխարներինը եւ այծերինը` շուրջ 43 հազար գլխով: Բնականաբար, ավելացած գլխաքանակին համապատասխան ընթացիկ տարվա դեկտեմբերին նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ կենդանիներ կիրացվեն մսի համար, քանի որ ավելացած գլխաքանակի գրեթե կեսը ֆերմերներն աճեցրել են բացառապես միս ստանալու նպատակով: Ի դեպ, հենց անասնագլխաքանակի ավելացմամբ պետք է բացատրել այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ մեր ներքին շուկայում տավարի եւ ոչխարի մսի գները մնացել են անփոփոխ, մինչդեռ մեր հարեւան երկրներում նկատվել է զգալի գնաճ:
Միաժամանակ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ընթացիկ տարում հանրապետությունում կուտակվել են կոպիտ կերերի բավարար պաշարներ, եւ գյուղատնտեսական կենդանիների ձմեռացման ընթացքում խնդիրներ չեն առաջանա: Ավելին` վերլուծությունները ցույց են տալիս, որ 2014 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ըստ օպերատիվ տվյալների, ավել կկուտակվի շուրջ 25.0 հազար տոննա խոտ եւ 7 հազար տոննա ծղոտ, ինչը հուսալի երաշխիք է անասնագլխաքանակի ավելացման համար: Ըստ օպերատիվ տվյալների` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, անասնագլխաքանակի աճի միտումը կշարունակվի:




























