Մոլդովայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղից հետո, որն ավարտվեց նրա թիմի հաղքանակով՝ 4 :1 հաշվով, հայտարարել է, որ հանդիպման արդյունքը չի համապատասխանում խաղի ընթացքին։
«Հաշիվը ջախջախիչ է, խոշոր, սակայն ես պետք է խոստովանեմ, որ 4:1 հաշիվը ոչ լիովին է համապատասխանում խաղի ընթացքին»,- նշել է Դոբրովոլսկին հանդիպմանը հետևած մամլո ասուլիսում,- հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։
«Ինձ դուր եկավ Հայաստանի հավաքականը։ Նա ցուցադրում էր կոմբինացիոն խաղաոճ, ինչպես նաև աչքի էր ընկնում իր նպատակասլացությամբ ու հաղթելու ցանկությամբ»,- ընդգծել է մոլդովացիների մարզիչը։
Դոբրովոլսկին հրաժարվեց մեկնաբանել հանդիպման Վրաստանից մրցավար Լաշա Սիլագավայի գործողությունները, որը խաղի ընթացքում միանգամից երեք 11-մետրանոց նշանակեց։ «Միակ բանը, որ ուզում եմ ասել՝ բոլոր երեք 11-մետրանոցները մրցավարի խղճին են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Սիլագավան երկու 11-մետրանոց հարվածներ նշանակեց Մոլդովայի թիմի դարպասին։ Երկու անգամ էլ հայ ֆուտբոլիստները չկարողացան հարվածել նշանակետին։ Եվս մեկ 11-մետրանոց նշանակվեց արդեն հակառակ դարպասին։ Ի տարբերություն հայ ֆուտբոլիստների, գնդակին մոտեցած Ալեքսանդր Եպուրյանուն չվրիպեց։




























