2014թ.-ին Հայաստանի գործող իշխանությունները «պրավալ են տվել» թե արտաքին քաղաքակության, թե ներքաղաքական կյանքում:
Այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ներկայացրեց, թե տարին ինչով էր առանձնահատուկ:
«Ցեղասպանության ճանաչումը փակուղի է մտել ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, հետեւաբար սա մեծ նվեր է Թուրքիայի համար, որովհետեւ աշխարհի մեծ պետությունները զերծ են մնում գնահատական տալուց` մտածելով, որ բանակցությունների միջոցով հարցը կլուծվի, այսինքն այս ոլորտում պրավալ է: Արցախյան հարցի դեպքում նույնպես պրավալ է: Մենաշնորհներ, գների ամենօրյա թանկացումներ, արդարադատության իսպառ բացակայություն. Սա էլ ներքաղաքական կյանքում»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` այս տարվա առանձնահատկություններից է քաղաքական դաշտի կառուցվածքը:
«Քաղաքական դաշտը դասական իմաստով լինում է իշխանական եւ ընդդիմադիր: Բոլոր ժամանակներում իշխանությունն ունեցել է մեծ նռնակներ, օրինակ` Գեղամյան, Արթուր Բաղդասարյան, կամ փոքր նռնակներ, որոնք միշտ էլ եղել են: Իսկ այս տարի ՀՀԿ-ական օլիգարխիան եւ ԲՀԿ-ական օլիգարխիան սկսեցին մրցակցել, այսինքն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թեւերը, բայց մի պայման ունեն, որ իրար չպիտի հոշոտեն: Այս կողմերը ցանկությունը միայն մեկն է` գալ իշխանության»,- ավելացրեց Մակեյանը:




























