Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը հայտեր է ընդունում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գեղարվեստական մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնել է ինքը՝ Փոլ Քրեքորյանը:
MyNewsLA.com-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամը նշել է, որ մրցույթը Ցեղասպանության պատմությունը հարգելու եւ խոստումնալից ապագան ընդգծելու միջոց է:
«Ես ցանկանում եմ, որ նկարիչներն ու ուսանողները, որոնց հուզում են մարդու իրավունքները, մասնակցեն մրցույթին եւ օգնեն ընդգծել հայ ժողովրդի տոկունությունը»,– ասել է նա:
Մրցույթին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ փետրվարի 15-ը: Հաղթող աշխատանքի պատկերը մեկ ամիս կմնա քաղաքային ավտոբուսին փակցված: Ընդունվում են գծանկարներ, նկարներ, թվային արվեստի ստեղծագործություններ եւ լուսանկարներ, բայց ոչ քանդակներ կամ մեծ ձեւաչափի աշխատանքներ:




























