Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գեւորգյանի առողջական վիճակում որոշակի կայունացում կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ տղան դեռ կոմայի մեջ է, գիտակցության չի եկել եւ այդ առումով որեւէ առաջընթաց չկա: Նման դեպքերում բժիշկները շատ բան անել չեն կարող, որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ շաբաթներ կամ ամիսներ, որպեսզի պարզ լինի, թե ինչ է լինում: Արմեն Մուրադյանը հույս ունի, որ տղան գիտակցության կգա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն:




























