Բաքվում հանցագործները ոստիկանների անվան տակ կողոպտել են մարմնավաճառին:

Vesti.Az-ը հայտնում է, որ իրավապահները ձերբակալել են երեք մարդու, որոնք ներկայացել են՝ որպես ներքին գործերի աշխատակիցներ: Դեկտեմբերի 23-ի գիշերը անհայտ երեք երիտասարդներ մոտեցել են Բաքվի 1968 թ. ծնված բնակչուհի Բ. Գաֆարովային, որը փողոցում մարմնավաճառությամբ էր զբաղվում, եւ ներկայացել որպես ոստիկանության աշխատակից: Չարագործները կնոջը մեքենա են հրել եւ սպառնացել, որ կտանեն Բաքու քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, քանի որ վերջինս խախտում է հասարակական կարգը: Այդպիսով չարագործները խլել են կնոջ վերջին փողերը, որից հետո նրան բաց են թողել:

Ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում իրավապահները ձերբակալել են կեղծ ոստիկաններին: Նրանք են՝ 1991 թ. ծնված Ալիհուսեյն Իմանովը, 1982 թ. ծնված Աբդուլա Ֆատուլայեւը եւ 1992 թ. ծնված Վեյսալ Շուքյուրովը: Երեքն էլ առաջին անգամ են քրեական պատասխանատվության ենթարկվում: Նրանց նկատմամբ կիրառվել է ԱՀ ՔՕ-ի 182 –րդ հոդվածը (դրամաշորթություն՝ սպառնալիքի ճանապարհով), որով  նրանց սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում: