Տարեկան շուկաներում սատկած կենդանու մսի վաճառքի մոտ 1-2 դեպք է գրանցվում, ինչը բնականաբար լավ չի խոսում պատկան մարմինների կողմից վերահսկողության մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ ըստ կարգի՝ մսի վաճառքի բոլոր կետերում՝ շատ տեսանելի վայրում, պետք է փակցված լինի անասնաբույժ-բժշկի կողմից տրված համապատասխան փաստաթուղթը, որը ընդամենը մեկ օր է ուժի մեջ: Իսկ այն կրպակներում, որտեղ այդ փաստաթուղթը չկա կամ ժամկետը չի պահպանվել, գործ ունենք կրիմինալի հտ:
«Բժիշկը ամենօրյա հավաստիացում պիտի տա, որ միսը նորմալ է: Գրեթե համոզված եմ որ բժիշկը կեղծելու քայլին չի դիմի, քանի որ գլխով է պատասխանատու դրա համար, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է սատկած կենդանու միսը հայտնվել շուկայում: Դա նշանակում է, որ հսկողությունը թե պատկան մարմնի, թե հասարակության կողմից բավարար չէ, մենք բոլորս լավ չենք աշխատում»,-ասաց Արմեն Պողոսյանը: Որպես լուծման բանալի՝ նա նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի պետական եւ հասարակական սեկտորը աշխատեն բարյացակամ եւ օպերատիվ:
Արմեն Պողոսյան խոսքով՝ ճիշտ է, տարեկան մոտ 1-2 նմանատիպ դեպք է լինում, բայց դրա հետեւանքները կարող են ճակատագրական լինել, տուժողներն էլ ամենեւին 1-2 հոգի չլինեն: Նա շեշտեց, որ հատկապես Ամանորի շեմին հսկողությունը պետք է լինի ուժեղացված:
Հիշեցնենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ խոշոր չափերով ոչ պիտանի խոզի միս իրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՔԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Պետրոսյանը 2014թ. դեկտեմբերի 20-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի հարեւանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից ձեռք է բերել խոզի մսի խմբաքանակ։ Նշված ապրանքի սպառողական հատկանիշների եւ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելով՝ մի մասը՝ սատկած, հոգեվարքի շրջանում մորթված, ոչ թարմ, սննդի համար ոչ պիտանի, խոշոր չափերով՝ 235,3 կգ խոզի միսն իրացվել է մսի վաճառքով զբաղվող անձին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:




























