Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներն են քննարկվել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանյան գրասենյակի ղեկավար տիկին Մելանի Մեյսոնի հանդիպմանը:
Աշոտյանը, ողջունելով ծրագրի գաղափարը, ընդգծել է ծրագրի իրագործման համատեքստում նախարարության մի շարք հիմնական մոտեցումներ։ Մասնավորապես՝ ծրագրին նախարարության, որպես գործընկեր գերատեսչության, ակտիվ մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողությունների ժամանակացույց` նշելով յուրաքանչյուր կողմի պատասխանատվությունը։ Բացի այդ, ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկել նախարարության ներկայացուցչին, ինչպես նաեւ պայմանավորվել ծրագրի ընթացիկ որոշումները համատեղ ընդունելու մեխանիզմների շուրջ: Անդրադառնալով ծրագրի մանրամասներին` նախարարը նշել է սննդի ներկրման, տեղում գնման, ինչպես նաեւ համայնքի ներդրումների վերահսկման մեխանիզմների մասին: Աշոտյանն առանձնակի ուշադրության է արժանացրել ծրագրի շրջանակում տեղական արտադրանքի օգտագործմանը` նշելով, որ վերջինս կխթանի նաեւ տեղական կարողությունների զարգացումը:
Տիկին Մեյսոնն իր հերթին տեղեկացրել է, որ ծրագրի դոնորն է ՌԴ կառավարությունը, որը 3 տարվա ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8 մլն դոլարի ներդրում: Դպրոցական սնունդ կմատակարարվի Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցների՝ շուրջ 50 հազար աշակերտի համար: Տիկին Մեյսոնը նշել է, որր մոտ ապագայում նախատեսվում է համապատասխան եռակողմ համաձայնագիր ստորագրել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ:


























