Միանգամից երկու պայթյուն է որոտացել Աբխազիայում օգոստոսի 12-ին։ Հենց այդ օրն է հանրապետություն այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։
Գագրա առողջարանային քաղաքում տեղի ունեցած պայթյունը երկու մարդու կյանք է խլել։ Եվս մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:47-ին գործի դրված պայթուցիկ սարքը տեղադրված է եղել այն շենքի մոտի աղբամանում, որտեղ տեղակայված է առևտրական ֆիրմաներից մեկի գրասենյակը,- հաղորդել է Աբխազիայի ՆԳՆ-ը։ Իրավապահների տվյալների համաձայն, որպես ահաբեկչություն որակված պայթյունի արդյունքում զոհվել են 52-ամյա Լյուդմիլա Սուրինան ու 25-ամյա Դմիտրի Մետրեվելին։
Օգոստոսի 12-ի արդեն երեկոյան Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի սահմաններում ևս մեկ պայթյուն է որոտացել հանրապետության մայրաքաղաք Սուխումի ափամերձ հատվածում։ Միջադեպը տեղի է ունեցել այն ռեստորանից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, որտեղ գտնվել են Ռուսաստանի պատվիրակության անդամներն ու վարչապետ Վլադիմիր Պուտինի Աբխազիա կատարած աշխատանքային այցը լուսաբանող լրագրողները։ Ռեստորանում գտնվողներից ոչ ոք չի տուժել։



























