ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 25.12.2014թ. թիվ 428-Ա որոշմամբ փաստաբան Ռուբիկ Մովսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ մամուլում տարածված տեղեկատվության հիման վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Նա նշեց, որ Կարգապահական վարույթը հարուցվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.2.1 ենթակետի հիմքով, ըստ որի՝փաստաբանը պարտավոր է ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահպանել սահմանված կարգը և իր վստահորդին կամ այլ անձի չփոխանցել արգելված իրեր: Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի թիվ 2 ձևով նախատեսված ցանկի 3-րդ կետի համաձայն՝ արգելված իրերի ցանկում է ներառված ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)։

Հայկ Հակոբյանը նշեց, որ ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ փաստաբանը հեռախոսի լիցքավորիչներ է տեղափոխել դատապարտյալին հանձնելու համար։ ՓՊ նախագահի որոշման համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը զուր չէ արգելված իրերի փոխանցման արգելք նախատեսում փաստաբանի համար (անկախ այն հանգամանքից, որ այլ իրավական ակտով այդպիսի արգելք կա), քանի որ այդ արարքով փաստաբանը կարող է հայտնվել առավել վտանգավոր իրավիճակում (օրինակ, երբ չիմանալով փոխանցում է այնպիսի առարկա, որի առկայությունը փաստաբանի մոտ ինքնին քրեաիրավական հետևանքներ կարող է առաջացնել)։ «Նման արարքը կարող է ազդել ոչ միայն արարքը կատարած, այլ նաև մյուս փաստաբանների հեղինակության վրա։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ»,-ասաց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից:

Ստացված նյութերի համաձայն` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 17:45-ին, «Արթիկ» ՔԿՀ-ում աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Պողոսյանին տեսակցության գնացած փաստաբանի ձեռքի պայուսակը, որի մեջ առկա 4 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչների զննությամբ երեքի միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներով փաթեթներ: Նույն օրը` ժամը 21-ի սահմաններում, նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից վարչական մասնաշենքի կանանց զուգարանից հայտնաբերվել է բջջային հեռախոսի ևս մեկ լիցքավորիչ, որի զննությամբ նույնպես հայտնաբերվել է կասկածելի զանգվածներով 3 հատ փաթեթ: Փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Բացատրություն է տվել փաստաբանը, ով հայտարարել է, որ լիցքավորիչներն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ` կալանավորին փոխանցելու համար:

Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ` կասկածելի զանգվածների բաղադրությունը պարզելու համար: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտելու համար: