Հայկական կարի որակից դժգոհություններ չունեն անգամ իտալացի վարպետները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանը:  Նա նշել է, որ վերջերս ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) շրջանակում Հայաստան եկան իտալացի խորհրդատուներ, որոնք կարի նոր մեթոդներ սովորեցրին:

«Նրանք ամեն ինչի վերաբերյալ խորհուրդներ տվեցին, բացի որակից: Կարող էին նշել, որ գործվածքի ընտրությունն այնքան հաջող չէր, կամ դիզայնը, կամ աշխատանքի կազմակերպումն արդյունավետ չէ: Սակայն որակից դժգոհություն չի եղել», - նշել է Պողոսյանը: Ըստ նրա՝ այժմ չկան լավ դիզայներներ, սակայն խորհրդային ժամանակներում հայ տեքստիլագործները հայտնի էին իրենց դիզայներներով. ԽՍՀՄ  սպառողները փորձում էին խանութներում հայկական հագուստ եւ կոշիկ գտնել: «Մեր դիզայներները չէին  տեղավորվում կաղապարներում, միշտ փորձում էին թեկուզ փոքր, բայց իրենց ձեռագիրն ունենալ: Այդ պատճառով էլ հայկական հագուստ կամ կոշիկ հագնելը նշանակում էր հագնվել ճաշակով», - նշել է մասնագետը:

Այժմ նրա կազմակերպությունն իր առաջ խնդիր է դրել  համագործակցության ներգրավել հայ ֆաբրիկատերերին եւ արտասահմանից մոդելյերների ՝ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) օրինակով: «Սակայն նրանց պետք է թեկուզ որեւէ բան ցույց տալ. Կայուն աշխատող ձեռնարկություններ, դիզայներական կադրեր, եւ գլխավորը՝ ուսումնական հաստատություններ: Պետությունը կարող է մեզ օգնել դրանում, սակայն բյուրոկրատիան  ջախջախում է բազմաթիվ բարի  մտադրություններ», - հավելել է Պողոսյանը: