2015 թվականին Հայաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ Ադրբեջանը շարունակելու է խախտել հրադադարի ռեժիմն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այս  մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Նա, բնականաբար, դժվարացավ մանրամասնել, թե հատկապես ինչ հնարքների կդիմի ադրբեջանական կողմը, բայց, ամեն դեպքում, ադրբեջանական կողմից սադրանքներն անխուսափելի կլինեն: Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի դիվերսիոն փորձերին՝ Շահգելդյանն ընդգծեց, որ Իլհամ Ալիեւը ոչ միայն գնում է զինվելու եւ հայերի հանդեպ ատելության ուժգնացման ճանապարհով, այլ նաեւ փորձում է ցույց տալ, որ մեծ ջանքեր է գործադրում իր երկրի անվտանգությունն ապահովելու համար:

«Դա արեւելյան ավտորիտար հասարակությանը բնորոշ մոտեցում է: Ադրբեջանը շարունակելու է իր «խավիարային դիվանագիտությունը»՝ չնայած եվրոպական բազմաթիվ երկրներում այն արդեն հակազդեցություն է առաջացնում»,- ամփոփեց Մհեր Շահգելդյանը: