«Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը յուրացնելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները լվանալու մեջ մեղադրվող՝ տնային կալանքի տակ գտնվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանը դեռ գտնվում է քաղաքային հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ գործարարի անձնական բժիշկ Հենրի Բակունցը:

«Վիճակի մեջ էական փոփոխություններ չկան, բավականին լուրջ նշաններ ունի՝ կապված սիրտ-անոթային, շարաքային դիաբետի հետ: Տեսնենք, թե ինչքան թույլ կտան հիվանդանոցում պառկել եւ համապատասխան բուժումները ստանալ»,- ասաց բժիշկը:

Բակունցը պնդեց նորից, որ Հայրապետյանին ստացիոնար բուժում է հարկավոր: Նշենք, որ հայ գործարարը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։