Մեր երկրում օրինաչափ է ազատամարտիկների վրա հարձակում գործելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ազատամարտիկներին ծեծելու դեպքերին։

«Մեր իշխանություններին կարծես տրված լինի, որ չսիրեն ազատամարտիկին, չսիրեն եւ չգնահատեն հերոսին։ Ու դարերից եկած մի բան կարծես լինի, որ մեր հերոսները մեր դավաճանների ձեռքով են գնացել. վերջին վառ օրինակը Վազգեն Սարգսյանի դեպքն էր։ Ու էսօր նման ձեւերով փորձում են ազատամարտիկներին վախեցնել, վախի մթնոլորտ ստեղծել, բայց ասեմ, որ որեւիցե մեկին չի հաջողվի»,-ասաց նա՝ նշելով, որ իրենք ամեն վայրկյան պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին 4 անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, իսկ դրանից առաջ հարձակման էին ենթարկել ազատամարտիկներ «Ապարան» ջոկատի  հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո»  ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։