Երեւանի բնակչուհի, 35-ամյա Ն. Ն.-ի՝ արտամուսնական կապից ծնված երեխային 3 օր հետո՝ ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ անց, գողացել են: Ն.Ն-ի պնդմամբ՝ երեխայի առեւանգման մեջ մեղավոր է «Դավիթ Անհաղթ» բուժհիմնարկի բժիշկ Կալուստյանը, որը չարաշահելով իր վստահությունը՝ ստիպել է ստորագրել Էդիսոն Ադյանի հայրությունը ճանաչող փաստաթուղթը:
Ն.Ն-ի խոսքով`Էդիսոն Ադյանը հղիության ամիսներին ժամանակ առ ժամանակ այցելել է իրեն եւ որոշակի գումար տվել բժշկական եւ կենցաղային կարիքները հոգալու համար, քանի որ ինքը սոցիալապես ծանր վիճակում է եղել, իսկ ավելի ուշ, իր խոսքով, հասկացել է, որ Ադյանն ի սկզբանե նպատակ է ունեցել որդեգրել իր երեխային:
Ն. Ն.-ի պատմելով՝ 2013թ. հուլիսի 12-ին ինքը ծննդաբերել է «Դավիթ Անհաղթ» բուժկենտրոնում իսկ հուլիսի 15-ին՝ ծննդատնից դուրս գրվել: Կնոջ պատմելով՝ իր ծանոթը՝ Էդիսոն Ադյանը, թե ծննդաբերելու եւ թե դուրս գրվելու օրը հիվանդանոցում ներկայացել է որպես երեխայի հայր, ապա իր բարեկամուհու հետ Ն. Ն.-ին հիվանդանոցում դիմավորել է, առաջարկել է մեքենայով ուղեկցել ծծնդկանին, վերջինս առանց որեւէ բան կասկածելու՝ համաձայնել է ու նստել մեքենան: Հետո մեքենան կանգնեցրել են՝ պատճառաբանելով, թե իրենց ծանոթ բժիշկը պետք է տեսնի Ն. Ն.-ին, ու հրաժարվել են երեխային տալ մորը՝ վստահեցնելով, որ նա մինչեւ բժշկի հետ զրուցի, վերջացնի, իրենք երեխային կպահեն, բայց երբ կինը մեքենայից իջել է, մեքենան արագ տեղից շարժվել է:
Դեպքի առթիվ այսօր դեկտեմբերի 26-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական առաջին նիստը, որը հետաձգվեց մեղադրվող քննիչ Առաքելյանի՝ դատարան չներկայանալու պատճառով:
Նշենք, որ տուժող Ն.Ն-ն եւ նրա ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը դիմել են դատարան՝ բողոքարկելու հարուցված քրեական գործը կարճելու որոշումը:
Լեռնիկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննիչը բացահայտ անգործություն է դրսեւորել` անտեսելով գործում առկա մի շարք ապացույցներ, բացի այդ` քննիչ Առաքելյանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ն.Ն-ի երեխայի հայր է ճանաչվել ոչ նրա կենսաբանական հայրը, այլ Էդիսոն Ադյանը, որը փաստացի առեւանգել է նորածին երեխային:
Փաստաբանը պնդեց, որ քրեական գործը կարճվել է, քանի որ գործը կոծկելու հստակ միտում է նկատվում:
«Ինչ-որ բան հաստատ կոծկում են, թե չէ ԴՆԹ փորձաքննություն կկատարվեր, կտեսնեին, որ նա չէ հայրը, հեռախոսազանգերի վերծանություն կլիներ, որոնք կհերքեին կամ կհաստատեին ինչ-որ բաներ: Կասկած կա, որ առուվաճառք է տեղի ունեցել», - ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը:




























