Տաքսիստներն այլեւս կարիք չունեն արտոնագրի համար դիմել Ճանապարհային ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի տրանսպորտի նախարարության տրանսպորտային փոխադրումների քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելքոնյանը:
Դեկտեմբերի կեսերին ընդունված Կառավարության որոշումը տաքսիստների համար պարտադիր դեղին համարանիշերը փոխարինում է ապակու վրա փակցվող ինքնակպչուն կտրոնով: Դա արվել է այն բանի համար, որպեսզի տաքսու վարորդները պարտավորված չլինեն համարանիշի համար դիմել Ճանապարհային ոստիկանություն:
«Այլ կերպ ասած, լիցենզիա ստանալն ավելի դյուրին է դարձել: Մյուս կողմից, դրա առկայությունը խստորեն վերահսկվում է: Այսինքն՝ ավելի դյուրին կլինի լիցենզիա ստանալ, այլ ոչ թե շրջանցել օրենքը»,- հավելեց Մելքոնյանը:
Որոշումն ուժի մեջ կմտնի առաջիկայում՝ դեկտեմբերի վերջին կամ 2015 թվականի հունվարին:



























