«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն առաջարկել է երկրից հեռանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ պատմելով իր, Ռազմիկ Պետրոսյանի եւ փոխոստիկանապետի հանդիպման մանրամասների մասին։
«Ռազմիկ Պետրոսյանին կատակով թե լուրջ, չգիտեմ, սակայն ասվել է, որ իրեն մեքենա կտրամադրեն, որ գնա Մոսկվա կամ Նովոսիբիրսկ։ Ես սկզբում կարծում էի, որ դա կատակ է, բայց որ հարձակման դեպքը եղավ մենք սկսեցինք դրա հետ կապել»,-ասաց նա։
Մանվել Եղիազարյանը նշեց, որ ոստիկանությունը «հիանալի» աշխատեց այս դեպքում, սակայն ինքը որոշ ժամանակ անց իր գնահատականը եւ պատասխանը նույնպես տալու է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին 4 անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, իսկ դրանից առաջ հարձակման էին ենթարկել ազատամարտիկներ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Վերջիններին ծեծի էին ենթարկել Լեւոն Երանոսյանի հետ վեճից հետո, ինչը հիմք էր տվել ենթադրությունների, որ ազատամարտիկներին ծեծել են փոխոստիկանապետի հրահանգով։




























