Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին ձերբակալելուց հետո որեւէ քննչական գործողություն չի արվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Կարեն Թումանյանը:
Նա նշեց, որ Խ. Խաչատրյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել, ցուցմունք չի տվել, առայժմ քննարկվում է՝ ցուցմունք կտա, թե ոչ: Իսկ թե ինչն է ցուցմունք չտալու պատճառը, փաստաբանն ասաց հետեւյալը. «Նպատակահարմարության խնդիր է, առայժմ նպատակահարմար չէ ցուցմունք տալու»:
Իսկ թե ինչ գործողություններ է անելու փաստաբանը, նա նշեց, որ դա կախված է ՀՀ նախագահի դիրքորոշումից: Փաստաբանն ասաց, որ օրենքը պահանջում է, որ գլխավոր դատախազն անձամբ Արդարադատության խորհրդում ներկայացնի դատավորին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ բոլոր փաստարկները, իսկ որոշում կայացնողը, օրենքով սահմանված կարգով, ՀՀ նախագահն է:
Կարեն Թումանյանն ասաց, որ ենթադրվում է, որ ԱԽ-ն քննարկել է այդ հարցը, բայց ինքը տեղյակ չէ որոշումից: Ինչ վերաբերում է դատավորի՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվելուն, փաստաբանն ասաց, որ օպերատիվ նկարահանման մեջ չի երեւում, որ ինքը գումար է վերցնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանն այսօր ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ:




























